4

Click here to load reader

Black cat

Embed Size (px)

DESCRIPTION

Gurgen Exiazaryan. Black cat

Citation preview

Page 1: Black cat

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Սև կատուն Ընկերս ուշանում էր: Վերջապես նա թեթևակի կաղալով մոտեցավ ինձ: -Ինչո՞ւ ես կաղում: -Ոտքս ոլորեցի,- կռացած ծունկը շփելով ասաց նա։ -Հաշվի չես առնում տարիքդ, զգույշ եղիր,- փորձեցի կատակել` անտեսելով նրա ցավը: -Քեզ մի բան եմ պատմելու, վրաս չծիծաղես, - մեջքն ուղղեց ընկերս: -Աստվածաբանական ֆակուլտետի առաջարկն ընդունեցի՞ր: -Իհարկե` ոչ, ես նմա՞ն եմ այն խրտվիլակներին, որոնք երեկ չէ առաջին օրը, փրփուրը բերանները, ժխտում էին Աստծո գոյությունը, այսօր մոլի հավատացյալներ են դարձել: Իրենց իսկ բնութագրմամբ` կոմունիստ ծնվել էին, կոմունիստ էլ պիտի մեռնեին: Այսօր նույն ամբիոնից, նույն ոգևորությամբ և պաթոսով ապացուցում են, որ կյանքն Աստծով սկսվում է, նրանով էլ ավարտվում: Զզվանքս գալիս է դրանցից, իսկ դու մտոք ինձ արդեն այդ ամբիոնում ես պատկերացնում, նրանց կողքին, ձեռ ե՞ս առնում: -Ես կատակեցի, գիտեմ, որ անկոտրում կոմունիստ ես, բայց ինձ ներիր, ես էլ քո գաղափարախոսությունը չեմ ընդունում: Կարո՞ղ ես մինչև սրճարան հասնել այդ ոտքով, երկու քայլի վրա է, այնտեղ կզրուցենք: Մատուցողը բարևելիս հարգանքով արտաբերեց ընկերոջս ազգանունը և, պատվերն ընդունելով, անհետացավ բուֆետի հետնամասում: -Նախկին ուսանողների՞ցդ էր, - հետաքրքրվեցի ես: -Այո: Դժվար գտնես մի երկիր, որ իրեն նման շռայլություն թույլ տա` բարձրագույն կրթությամբ մատուցողներ ունենա: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս մղձավանջը երազ է, կարթնանամ և կվերջանա, - մտազբաղ պատասխանեց նա: -Կապիտալիզմը մեղք չունի, որ մենք նրա շնացած տարբերակի մեջ ենք հայտնվել, ցանկացած ժողովուրդ էլ իր իշխանությանն է արժանի: Ավելի լավ կլինի, որ պատմես, թե ինչու վրադ պետք է ծիծաղեի:

Page 2: Black cat

-Փողոցում ճանապարհս մի սև կատու կտրեց, գիտես, որ ես նման բաների հավատացող մարդ չեմ, բայց դրանից անմիջապես հետո ոտքս ոլորեցի, - ծիծաղելով ասաց ընկերս: Այսպես որ շարունակվի, սնահավատ կդառնամ: -Ոչ, ամենևին էլ չեմ ծիծաղի: Միայն մի բան կարող եմ ասել, որ կենդանական աշխարհից մենք ոչինչ չգիտենք: Կենդանին մարդ արարածի վայրագ բնույթը չունի, եթե գիշատիչը սպանում է խոտակերին, ապա միայն քաղցը բավարարելու համար: Կենդանական աշխարհում միևնույն ընտանիքի կենդանիները միմյանց մսով չեն սնվում, և ի տարբերություն մարդկանց, նրանք երբեք չեն սպանում միայն սպանելու համար: -Համաձայն եմ, բայց ասում են, որ սև կատուն անհաջողություն է բերում, երբ ճանապարհդ հատում է: Երիցս ճիշտ էր Մարքսը, երբ ասում էր, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Այս կյանքը կարծես ինձ էլ է աստիճանաբար սնահավատության գիրկը մղում: Կներես, խոսքդ չավարտեցիր: -Սասունցյանին, Էդուարդ Պարգևիչին ճանաչո՞ւմ ես: -Իհարկե, մեր հանրապետության լավագույն տնօրեններից մեկն է, և ի՞նչ: -Տարիներ առաջ կնոջս հետ գնացել էինք նրա հիսնամյակին: Բավականին շոգ օր էր, Սասունցյանն առաջարկեց սեղան նստել պարտեզում: Ամենքս մի բան վերցնելով պարտեզ իջանք, և շուտով արդեն սեղանը ծառերի հովի տակ պատրաստ էր: Սասունցյանը, վերցնելով օղու շիշը,՝ լցրեց մեր դիմաց դրված գինու բաժակները՝ առաջարկելով իր հիսնամյակը մեծ բաժակներով շնորհավորել։ -Կես դարը թևակոխել եմ, խնդրում եմ այսպես նշենք: -Եվ քանի՞ տեղ բաժանեց օղու շիշը: -Երեք տղամարդ էինք սեղանի շուրջը, մեզ հետ էր նաև Ստեփանյան Վիլենը: -Խմեցի՞ք: -Իհարկե, հարգելով տանտիրոջը, նրա ապրած կես դարը, մինչև վերջ պարպեցինք բաժակները: Մեծ բաժակներով օղին միանգամից տրամադրություններս բարձրացրեց: Սասունցյանը դատարկ օղու շիշը խոտերին դնելով, մեկ շիշ էլ պահանջեց: Նրա բարեկամուհու աղջիկը խորովածանոցի մոտից նման շշով օղի բերեց: Տանտերն այս շիշն էլ դատարկեց երեքիս բաժակների մեջ և խնդրեց, որ մեկ անգամ ևս մեծ բաժակներով խմենք, ասելով, թե հիսնամյակը մեկ անգամ է լինում, և հոբելյարներն իրենց ծննդյան օրը չգիտես ինչու տխուր են լինում: Առաջին բաժակն արդեն կիսով չափ ներգործել էր, և մենք չառարկեցինք: Բաժակները բարձրացնելով` իրար էինք զարկում, երբ խորովածանոցից մի սրտաճմլիկ ճիչ լսվեց: Այգում էինք նստած, և մեզ թվաց, թե օձ խայթեց աղջկան: Անմիջապես շտապեցինք օգնության: Մի սև կատու փաթաթվել էր օղի բերող աղջկա ոտքին և շան նման ատամները խրել ձկնամկանի մեջ: Բռնելով կատվի պարանոցից, սեղմեցի ծնոտը, որ ատամները մկանից դուրս հանի, և թաթիկներն անջատելով զոհի ոտքից` տարա և դարպասից դուրս թողեցի:

Page 3: Black cat

- Աղջկա ոտքը շա՞տ էր վնասել, - հարցրեց ընկերս: -Այո, կծած տեղից արյուն էր հոսում, ճանկերն էլ իրենց հերթին էին ոտքը վնասել: Մեր կանայք մնացին, որ աղջկա վերքը ամոքեն, իսկ մենք վերադարձանք սեղանի մոտ: Սասունցյանը օղու բաժակը վերցնելով` առաջարկեց. -Քյավառցիները նման պարագայում ասում են` փորձանքից կարոտով լինենք, եկեք խմենք, իրոք, փորձանքից կարոտով մնանք, առաջին անգամ եմ տեսնում, որ կատուն շան նման հարձակվի: Մենք էլ նրա հետ կրկնեցինք «փորձանքից կարոտովը», և բաժակներն արդեն զնգում էին իրար մոտենալով, երբ խորովածանոցի մոտից կրկին լսվեց նույն սուր ճիչը: -Կատո՞ւն է վերադարձել, - աչքերը կլորացրած հարցրեց ընկերս: -Այո, մեր կանանց օղակից ներս թափանցելով, ատամները խրել էր խոտերի վրա նստած աղջկա մյուս ոտքի մեջ: Անմիջապես մոտեցանք։ Առաջին վերքի արյունը դեռ չէին հասցրել կանգնեցնել, երբ կատուն նորից էր հարձակվել։ Այս անգամ երկրորդի վրա։ Աղջկա երկու ոտքերն էլ շաղախված էին արյան մեջ: Կրկին կատվի ատամներից ազատեցի կնոջ ձկնամկանը, թաթիկները զգուշորեն պոկելով ոտքից: -Քեզ է՞լ ճանկռոտեց: -Ամենևին, հենց վզից բռնած բարձրացնում էի, անմիջապես թաթիկները կախում էր և հեզորեն մլավում: Սասունցյանն աթոռից վերցնելով ատրճանակս՝ ինձ մեկնեց, որ կատաղած կատվին գնդակահարեմ: -Գնդակահարեցի՞ր: -Ոչ, բայց զգուշացրի, որ էլ չգա, հակառակ դեպքում ստիպված կլինեմ կրակել: -Այնքան հարբած էիր, որ արդեն կատվի հետ էի՞ր խոսում,- խորամանկ ժպիտը դեմքին հարցրեց ընկերս: -Ի՞նչ ասեմ, եթե մատերիալիստ չլինեիր` կհասկանայիր, որ կենդանիները մեր խոսքն ընկալում են, պարզապես արտահայտվել չեն կարողանում: Մոտեցանք սեղանին, բաժակները բարձրացրինք, որ «փորձանքից կարոտովը» խմենք: Այդ ժամանակ Ստեփանյան Վիլենի կինը` Տանյան, ինձ մոտեցավ և խնդրեց բաժակիցս օղի լցնեմ ձեռքի անձեռոցիկների վրա, որպեսզի աղջկա ոտքերի վերքերը սրբի: Բաժակիս օղիով թրջեցի անձեռոցիկները, հաջորդ պահին լսելով Տանյայի ճիչը. «Վա՜յ մամա ջան, բաժակիդ մեջ ացետոն է»: -Ացետոնն ինչպե՞ս է հայտնվել բաժակումդ,- վախեցած հարցրեց ընկերս: -Սասունցյանի վարորդն էր գործարանից բերել ինչ-որ մեկի խնդրանքով, խորովածի փայտը ջարդելուց հետո այն մոռանալով, թողել էր բուխարու բազրիքին: Եվ երբ Սասունցյանն օղի պահանջեց, աղջիկը խորովածանոցում տեսնելով օղու շիշը, վերցրեց և բերեց դրեց մեր սեղանին: -Փաստորեն, կատուն երեքիդ կյանքն էլ փրկել է:

Page 4: Black cat

-Միանշանակ, եթե խմեինք, չէինք փրկվի, դե գիտես, օղի խմելիս շունչդ պահում ես, և բնական է, որ չէինք զգալու, ինչ ենք խմում: Հետաքրքիրն այն է, որ ացետոնի մասին իմանալուց անմիջապես հետո կատուն վերադարձավ: -Կրկին հարձակվե՞ց աղջկա վրա: -Ոչ, պոչը վեր ցցած՝ հանգիստ անցավ սեղանի կողքով և կորավ վարդի թփերի արանքում: Նա իր գործն ավարտել էր: Այդ դեպքից հետո ես պարբերաբար հետաքրքրվում էի Սասունցյանից, թե նա մեր բարեկամ կատվին տեսնո՞ւմ է իրենց այգում։ Կատվին նա այլևս չէր տեսել: -Սպասիր, փաստորեն, այդ սև կատուն իրենց կատուն չի եղել: - Ոչ իրենցն էր, ոչ էլ հարևաններինը: - Որքան հիշում եմ` սև կատվի հետ մի պատմություն էլ կար: - Այո, դա հին պատմություն է: - Կհիշեցնե՞ս, - ոտքի ցավը մոռացած՝ հետաքրքրվեց ընկերս: - Մեր բակում մի սև կատու կար։ Երեխաներից այս խեղճ կենդանին փրկություն չուներ, տեսնելուն պես հալածում, քարերով ընկնում էին հետևից: Մի քանիսի ականջները կատվի առիթով քաշել էի: - Հիշեցի, գաղտագողի ձեր տուն էր մտել և ձագեր էր ունեցել քո անկողնում: Լուսահոգի մայրդ պատմում էր, որ պտղաջրերն անկողինդ ապականել էին: Կենդանին հալածանքներից զգուշանալով, ամենաապահով տեղը քո անկողինն էր համարել, - հիշեց ընկերս: - Կինս մորս պատմում է Սասունցյանենց տան կատվի պատմությունը, մայրս էլ ասում է, որ այն սև ծննդկան կատուն է եկել և փրկել որդուս կյանքը: - Իսկապե՞ս այն կատուն էր: - Ինչպե՞ս կարող էր այն կատուն լինել, առաջին դեպքից մոտ երեսուն տարի էր անցել, մայրս սիմվոլիկ էր ասել: Այնպես որ, սև կատուն դժբախտություն չի բերում, նույնիսկ հարկ եղած դեպքում կյանք է փրկում: Բարձրագույն փիլիսոփայական կրթություն ստացած մատուցողը մեր սուրճը բերեց, և մենք ձեռնամուխ եղանք այն ըմպելուն: Ընկերոջս դեմքը պայծառացել էր, նա հաստատ արդեն սև կատվից չէր խորշում: