Ռուսական արվեստի թանգարան

Preview:

Citation preview

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է համաձայն Հայաստանի ԽՍՀ կառավարության 1979 թ. դեկտեմբերի 17-ի N 14 կարգադրության և Հայաստանի մշակույթի նախարարի 1980 թ. հոկտեմբերի 23-ի N 538 հրամանի: Այցելունների համար թանգարանը բացվել է 1984 թ. նոյեմբերի 19-ին:

   Ռուսական արվեստի թանգարանը պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու Երևանում հիմնադրվել է սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

 Հայտնի է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը XIX դարավերջի և XX դարասկզբի ռուսական կերպարվեստի նկատմամբ, որը չափազանց կարևոր~ բացառիկ ժամանակաշրջան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստում:

      Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բավականին լայնորեն ներկայացված են հենց այդ ժամանակաշրջանի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար:

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Րերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կանչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

    Հեղինակներից շատերը ներկայացված են թանգարանում ըստ այն ստեղծագործական խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք, ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի Վալետ»,«Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:       

 Երևանի Ռուսական արվեստի թանգարանը իր նշանակությամբ և ցուցադրվածգործերի լայն ընդգրկումով կարող է հավակնել կարևոր տեղի` ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների թվում: 

 Ռուսական արվեստի թանգարանը գտնվում է Երևանի շատ գրավիչ վայրերից մեկում` Կասկադի հանրահայտ համալիրի տարածքում, և իր հարուստ հավաքածուով և հետաքրքիր ինտերիերով այն հիրավի արվեստի անկրկնելի օջախ է: Այստեղ հաճախակի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ (ժամանակավոր ցուցահանդեսներ, հոբելյանական և գրական երաժշտական-երեկոներ, համերգներ, կինոդիտումներ, դասախոսոթյուններ, քննարկումներ) և կրթական ծրագրեր:  Թանգարանում մշակված է անդամակցության ծրագիր,գործում է թանգարանային խանութը, որտեղ կարելի է գնել բացառիկ հուշանվերներ` թանգարանի հավաքածուի թեմաներով:

Նյութը պատրաստեց ՝ Միլենա Մարկոսյանը

Recommended